Հայաստանի մասին
Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ զբաղեցնելով ռազմավարական դիրք Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Նրա տարածքը կազմում է մոտ 29,743 քառակուսի կիլոմետր։ Հայաստանը լեռնային երկիր է, որտեղ հիասքանչ լանդշաֆտները տեսանելի են անգամ մայրաքաղաք Երևանից։
Հայաստանի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է՝ 4,090 մետր բարձրությամբ։ Այստեղ հնարավոր է և՛ զբաղվել լեռնագնացությամբ, և՛ բացահայտել վայրի բնության գեղեցիկ աշխարհը։
Սևանա լիճը Հայաստանի խոշորագույն ջրային ավազանն է։ Այն բարձրադիր լճերի թվում աշխարհում երկրորդ խոշորագույն քաղցրահամ ջրի աղբյուրն է՝ Պերուի Տիտիկակա լճից հետո։
Հայաստանի ամենացածրադիր հատվածը Դեբեդ գետի գեղատեսիլ հովիտն է, որը գտնվում է ծովի մակերևույթից 380 մետր բարձրության վրա։ Այս տարածքը իդեալական վայր է արշավների համար և հրաշալի հնարավորություն՝ վայելելու բնության հիասքանչ տեսարանները։
Կենտրոնական աշխարհագրական դիրքի շնորհիվ Հայաստանում հնարավոր է լիարժեք վայելել տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմռանը՝ ձյունածածկ լեռներ, գարնանը՝ բնության զարթոնք, ամռանը՝ արևաշող ու տաք օրեր, իսկ աշնանը՝ գունեղ տեսարաններ ու մեղմ անձրևներ։
Արևոտ ու տաք ամառ
Հայաստանի ամառները համեմատաբար տաք են և չոր։ Ջերմաստիճանը երբեմն հասնում է մինչև +35°C։ Եթե սիրում եք տաք եղանակ, երբեմն էլ՝ մեղմ զեփյուռ, ապա ամառը կատարյալ ժամանակ է Հայաստան այցելելու համար։
Գունեղ ու անձրևաշատ աշուն
Հայաստանում աշունը համարվում է տարվա անձրևաշատ եղանակը։ Սա հաճելի միջանկյալ շրջան է՝ խիստ շոգ ամռան ու սառը ձմռան միջև։ Բնությունը զարդարվում է աշնանային վառ գույներով՝ Հայաստանը վերածելով հանգստի համար հիասքանչ ուղղության։
Ձյունառատ ձմեռ
Հայաստանի լեռնային ռելիեֆը և բարձրադիր դիրքը նպաստում են ձմռան ցուրտ եղանակին։ Երևանում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -7°C, իսկ մարզերում՝ մինչև -10°C։ Եթե սիրում եք ձյուն, դահուկասահք կամ պարզապես ձմեռային հեքիաթային մթնոլորտ, ձմեռը լավագույն շրջանն է Հայաստան այցելելու համար։
Ջերմացնող գարուն
Մարտ ամսից հալվում է ձյունը, իսկ առաջին ձնծաղիկներն արդեն ազդարարում են զբոսանքների սեզոնի մեկնարկը։ Գարունը երբեմն արևոտ է, երբեմն՝ անձրևոտ, բայց միշտ՝ թարմացնող ու կենսուրախ։ Ծառերը ծաղկում են, բնությունը վերածնվում է՝ Հայաստանը դարձնելով հմայիչ վայր գարնանային այցելությունների համար։
Անվտանգություն և հարմարավետություն
Հայաստանում դուք ձեզ լիովին ապահով ու անվտանգ կզգաք։ Հանցագործության ցածր ցուցանիշ ունեցող մեր երկիրը հիանալի ընտրություն է ընտանեկան ճամփորդությունների համար։ Կարող եք հանգիստ շրջել ցանկացած վայրում՝ ցանկացած ժամի՝ զգալով ապահովություն և վստահություն։ Երևանում կամ Հայաստանի ցանկացած այլ վայրում կարող եք վայելել գիշերային զբոսանք՝ մենակ կամ ընտանիքի անդամների հետ։