Տուրիզմ
Մատչելի ուղևորություն
Հայաստանը հիանալի ընտրություն է մատչելի ուղևորության համար։ Այստեղ կարող եք վայելել համեղ ուտեստներ, շրջել պատմամշակութային վայրերով, և երեկոներն անցկացնել բարերում՝ ամենահասանելի գներով։ Եթե փնտրում եք հագեցած ու հաճելի ճամփորդություն, որը կլինի նաև ֆինանսապես նպատակահարմար՝ եկե՛ք Հայաստան։
Չնայած իր փոքր չափերին՝ Հայաստանը հագեցած է բազմազան հնարավորություններով։ Ցանկանում ե՞ք արշավել․ Հայաստանում կա ավելի քան 60 արշավային արահետ։ Նախընտրում ե՞ք գաստրոտուրեր՝ բացահայտելու տեղական ուտեստների և խմիչքների համային բազմազանությունը։ Հետաքրքրված ե՞ք արկածներով, պատմությամբ կամ մշակույթով։ Սլացե՛ք զիփլայնով, զբաղվե՛ք ռաֆթինգով կամ պարզապես բացահայտե՛ք հարյուրավոր տեսարժան վայրերից թեկուզ մի քանիսը։
Անկախ նրանից՝ դուք պատմության սիրահար եք, բնության երկրպագու, գաստրոնոմիական փորձառությունների որոնող, թե արկածասեր, Հայաստանը յուրաքանչյուրի համար ունի իր առաջարկը, մանրամասները՝ https://armenia.travel/։
Բուսականություն և կենդանական աշխարհ
Թեպետ Հայաստանը փոքր երկիր է, այնուամենայնիվ հարուստ է բնօրինակ բուսատեսակներով ու կենդանական աշխարհով, արգելավայրերով, բնության հուշարձաններով և ազգային պարկերով, որոնք կարող եք բացահայտել և վայելել։
Դեպի Գյումրի տանող ճանապարհին կտեսնեք վայրի կակաչների դաշտեր, իսկ Գառնիի և Ողջաբերդի բնակավայրերի շրջակայքում՝ հիրիկների։
Դիլիջանի ազգային պարկում կամ Խոսրովի անտառի պետական արգելոցում կարող եք արշավել, Արմաշի թռչնաբանական տարածքում՝ դիտել տարբեր տեսակի թռչուններ, իսկ Գնիշիկի կիրճում հանդիպել բեզոարյան այծերի և գառնանգղերի։
Քանի որ Հայաստանի տարածքում առկա են բազմազան կլիմայական գոտիներ և լանդշաֆտներ, յուրաքանչյուր շրջանում կբացահայտեք տեղին հատուկ բուսականություն և կենդանական աշխարհ։
Հայաստանում դուք կգտնեք փարթամ անտառներ, բարձրլեռնային լճեր, ջրվեժներ ու վտակներ, հիասքանչ կիրճեր ու ժայռեր, ինչպես նաև շլացուցիչ բնապատկերների մեծ բազմազանություն։ Պատահական չէ, որ CNN-ը Հայաստանը և Մետաքսի ճանապարհը ներառել է աշխարհի լավագույն քայլարշավային ուղղությունների ցանկում։
Հայաստանի թանգարաններն ու պատկերասրահները ներկայացնում են մեր երկրի և ժողովրդի էությունը։ Հայաստանում գործում է շուրջ 120 թանգարան և պատկերասրահ, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է հայկական մշակույթի հարստության մի դարաշրջան և ներկայացնում է արվեստագետների յուրօրինակ աշխարհընկալումը։ Պատկերասրահներում կարող եք վայելել գեղանկարչության կամ քանդակագործության բացառիկ գործեր՝ ըստ ձեր ճաշակի և հետաքրքրությունների։
Ջերմ հյուրընկալություն և հայկական խոհանոց
Հայ ժողովրդի հյուրընկալության մասին լեգենդներ են պատմվում։ Հայաստանը կարելի է մեկ բառով բնութագրել՝ հյուրընկալություն։ Այստեղ օտարներ չկան․ պարզապես բոլորը ընտանիքի այն անդամներն են, որոնց դեռ չեք հանդիպել։ Այդ ջերմությունը կզգաք ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր շրջաններում։
Հայկական խոհանոցը առաջարկում է համերի լայն ու հարուստ բազմազանություն, որը կարելի է զգալ յուրաքանչյուր համի մեջ։ Տարածաշրջանի խոհարարական ընդհանուր համապատկերում հայկական խոհանոցը առանձնանում է իր բնորոշ հատկանիշներով, բացառիկ համերով և անկրկնելի հայկական երանգներով։
Նախնական բաղադրատոմսերը հիմնականում ստեղծված են եղել գյուղացիների ու հովիվների համար՝ համատեղելով սննդարարն ու արագ պատրաստվողը, միևնույն ժամանակ իրենց մեջ ներառելով թարմ բաղադրիչներ ու տեղական վայրի բույսեր։
Վերջին տարիներին, սակայն, Հայաստանում նոր թափով են զարգանում հեղինակային և բարձրակարգ խոհարարական մշակույթը, որոնք օրեցօր ավելի մեծ ժողովրդականություն են վայելում։
Բացահայտեք գինու օրհնված երկիրը՝ Հայաստանը
Հայաստանը գինու բնօրրանն է՝ այս աստվածային խմիչքի ծննդավայրը։
Ավելի քան 6100 տարի է, ինչ Հայաստանում զբաղվում են գինեգործությամբ։ Արենի-1 քարանձավում հայտնաբերված գինու հնագույն մառանը, ինքնին վկայում է, որ այս տարածաշրջանը աշխարհի գինեգործության բնօրրանն է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը հարյուրավոր բարձրորակ խաղողի այգիների և գինու արտադրամասերի հայրենիքն է։
Կարող եք ընտրել Հայաստանի բազմազան գինուղիներից մեկը , անձամբ մասնակցել գինու պատրաստման գործընթացին և համտեսել տեղական արդատրողների բարձրորակ գինիները: Հայկական գինիների բարձր որակը պայմանավորված է ոչ միայն պատմությամբ, այլև բնության հարուստ առանձնահատկություններով՝ բազմազան բնական միջավայր, հրաբխային հող, բարձրադիր այգիներ, տեղական խաղողի տեսակներ և արևառատ կլիմա։ Հայկական գինիները դրա լուռ վկաներն են․ դրանք շարունակաբար արժանանում են բարձր գնահատանքի և պարգևների։
Արարատը, Արմավիրը, Արագածոտնը, Տավուշը և Վայոց ձորը հագեցած են խաղող աճեցնելու և գինի պատրաստելու բարենպաստ պայմաններով։ Յուրաքանչյուր տարածաշրջան առանձնանում է գինիների յուրահատուկ համով, որը ձևավորվում է խաղողի այգիների տեղաբաշխման, ինչպես նաև տեղական և ավանդական խաղողի տեսականու բազմազանության շնորհիվ։
Բարի գալուստ Երևան
Աշխարհի ամենահին և միևնույն ժամանակ ամենաժամանակակից քաղաքներից մեկը, որը ժամանակի ընթացքում փոխվել է՝ պահպանելով իր առանձնահատկությունները։ Երևանը միշտ կզարմացնի ձեզ իր վառ գույներով և կենսուրախ մթնոլորտով։ Եվ մի՛ անհանգստացեք, նույնիսկ եթե սա ձեր առաջին այցը չէ, Երևանում ձանձրանալու առիթ երբեք չեք ունենա։
Երևանը հայտնի է իր բազմաթիվ սրճարաններով, իսկ հատկապես Կասկադ համալիրի և Հին քաղաքի տարածքները առանձնանում են դրանց մեծ բազմազանությամբ։
Նրանց համար, ովքեր ցանկանում են ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, Երևանում կան զվարճանքի այգիներ և առևտրի կենտրոններ։ Իսկ եթե նախընտրում եք ավելի հանգիստ ու խաղաղ երեկոներ, արժե զբոսնել Սիրահարների, Անգլիական կամ Երևանի 2800-ամյակի այգիներից որևէ մեկում։
Ձեր շրջայցը սկսեք Երևանի Հանրապետության հրապարակից՝ ծանոթանալով քաղաքի կենտրոնը շրջապատող դասական ոճի շենքերի հարդարանքին և գեղեցիկ զարդաքանդակներին։ Այնուհետև շարունակեք քայլել դեպի Աբովյան փողոցում տեղակայված Օպերայի և բալետի թատրոն՝ վայելելով 19-րդ դարի ճարտարապետական հրաշքը։
Այնտեղից զբոսնեք մինչև Կասկադ համալիր, որտեղ կարող եք նախ տեսնել բացօթյա ժամանակակից արվեստի հավաքածուն, իսկ հետո աստիճաններով բարձրանալ վեր՝ վայելելու Երևանի հիանալի տեսարանը Արարատ լեռան ֆոնին։ Վերջում, եթե դեռ ժամանակ ունեք, կարող եք քայլել մինչև Հաղթանակի այգի՝ տեսնելու Մայր Հայաստանի արձանը և նկարելու Երևանի վրա բացվող գեղեցիկ պանորամաներ։