COP17-ի մասին

2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։

COP17-ը կանցկացվի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում և զուգահեռաբար կմիավորի նաևԿենսաբանական անվտանգության մասին Կարթագենյան արձանագրության կողմերի 12-րդ հանդիպումը (CP-MOP-12) և Գենետիկական ռեսուրսների հասանելիության և օգուտների արդար բաշխման մասին Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ հանդիպումը (NP-MOP-6)։

Համաժողովը կարևոր հանգրվան է լինելու գլոբալ բնապահպանական օրակարգում, քանի որ COP17-ի շրջանակում կիրականացվի ԿունմինգՄոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման ուղղությամբ համընդհանուր առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։ Քննարկումների կենտրոնում կլինեն կենսաբազմազանության կորստի կանխարգելումը, էկոհամակարգերի վերականգնումը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը, կլիմայի փոփոխության և բնության փոխկապակցվածությունը, ինչպես նաև բնապահպանական ֆինանսավորման և միջազգային համագործակցության ամրապնդման հարցերը։

COP17-ը հանդիսանում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում որոշում կայացնող բարձրագույն հարթակ, որտեղ ձևավորվում են կենսաբազմազանության պահպանության գլոբալ առաջնահերթությունները և պետությունների համատեղ գործողությունների ուղղությունները։

Հայաստանի համար COP17-ի անցկացումը պատմական նշանակության իրադարձություն է և կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու երկրի հարուստ կենսաբազմազանությունը, բնապահպանական քաղաքականությունը և միջազգային բնապահպանական գործընթացներում ակտիվ ներգրավվածությունը։ Հայաստանը, գտնվելով կենսաբանական և լանդշաֆտային բազմազանությամբ հարուստ տարածաշրջանում, վերահաստատում է իր հանձնառությունը բնության պահպանության, կայուն զարգացման և ապագա սերունդների համար առողջ շրջակա միջավայրի ապահովման ուղղությամբ։

COP17-ը նաև լայն հնարավորություններ կստեղծի հանրային իրազեկման, գիտելիքի փոխանակման, երիտասարդների ներգրավման և միջազգային համագործակցության ընդլայնման համար՝ միավորելով համաշխարհային ջանքերը հանուն բնության և կենսաբազմազանության պահպանության։