Ընդհանուր ակնարկ

COP17-ի Կանաչ գոտին լինելու է բաց և հանրամատչելի հարթակ, որտեղ կհանդիպեն նորարար գաղափարները, համայնքային նախաձեռնությունները և շրջակա միջավայրի պահպանության գործնական լուծումները։ Այն նախատեսված է հասարակության լայն շրջանակների համար՝ երիտասարդների, հասարակական կազմակերպությունների, գիտական և ակադեմիական համայնքի, արվեստագետների, նորարարների, մեդիայի ներկայացուցիչների և բոլոր հետաքրքրված քաղաքացիների մասնակցությամբ։

Կանաչ գոտու շրջանակում նախատեսվում են ցուցահանդեսներ, նորարարական նախագծերի և տեխնոլոգիաների ներկայացումներ, ինտերակտիվ և ներգրավող ինստալյացիաներ, համայնքային քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ և մշակութային ծրագրեր։ Ամենօրյա ձևաչափով կանցկացվեն նաև «Հանդիպում գիտնականների և փորձագետների հետ» քննարկումները, որոնք հնարավորություն կտան անմիջական շփման միջոցով ծանոթանալու ոլորտի արդիական խնդիրներին և լուծումներին։

Կանաչ գոտին տեղակայված է լինելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ դառնալով COP17-ի հանրային ներգրավվածության և բնապահպանական իրազեկման հիմնական հարթակներից մեկը։

Մուտքը լինելու է ազատ, սակայն որոշ միջոցառումների մասնակցության համար, տեղերի սահմանափակ լինելու պատճառով, կարող է պահանջվել նախնական անվճար գրանցում։